Անշարժ Գույքի առք ու վաճառքի օրինական գործընթացը
Անշարժ գույքը վաճառելու համար, վաճառողը պետք է Կադաստրային գրասենյակից ձեռք բերի ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ վճարովի /կադաստրային դիմումների ընթացքին կարող եք հետևել այստեղ / : Միասնական տեղեկանքը տրամադրում է ամբողջական տեղեկություն տվյալ անշարժ գույքի նկատմամբ իրավունքներ ունեցող անձանց մասին և բոլոր սահմանափակումների վերաբերյալ: Եթե անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումներ չկան և բոլոր իրավատերերը կարող են ներկայանալ Կադաստրային գրասենյակ և տալ իրենց գրավոր համաձայնությունը, ապա առք ու վաճառքի գործընթացը կարող է իրականացվել Կադաստրային գրասենյակում՝ անվճար: Եթե սեփականատերերից ոմանք չեն կարող ներկայանալ կադաստրային գրասենյակ, ապա առք ու վաճառքի գործընթացը կատարվում է Նոտարական գրասենյակում` վճարովի: Նոտարական գրասենյակում բացակայող իրավատերի փոխարեն առքուվաճառքի գործընթացը կատարում է բացակայող սեփականատերերի կողմից լիազորված անձը, որին ունի նոտարական հաստատումով լիազորագիր:
Անշարժ գույքը գնելու համար գնորդը պետք է ներկայանա կադաստրային կամ նոտարական գրասենյակ՝ անձնագրով, եթե ամուսնացած է, ամուսնական վկայականով իր ամուսնու կամ կնոջ հետ անձնագրով: Նաև պետք է պատրաստ լինի տրամադրելու նախապես պայմանավորվածության համաձայն անշարժ գույքի վաճառքի գնի չափով գումար
: Գումարը կարելի տրամադրել ինչպես կանխիկ՝ առքուվաճառքի ժամանակ, և առք ու վաճառքի պայմանագրի վրա նշել, որ գումարը ստացվել է կանխիկ, այնպես էլ կարող եք կատարել փոխանցումով՝ նախապես պայմանագրում նշելով վաճառողի կողմից տրամադրվող փոխանցման բանկային հաշվեհամարի տվյալները:
Առք ու վաճառքի պայմանագրի կնքումից հետո վաճառողը պարտականություններ չունի, և արդեն ունի գումար, որի դիմաց վաճառել է իր բնակարանը, իսկ գնորդը ըստ առք ու վաճառքի պայմանագրի հանդիսանում է տվյալ անշարժ գույքի օրինական սեփականատեր, սակայն պետք է նաև Կադաստրային գրասենյակում գրանցվի որպես նոր ձեռք բերված անշարժ գույքի սեփականատեր՝ վճարովի:
Ցանկացած տեսակի հարցումներ անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքի վերաբերյալ կարող եք ճշտել Կադաստրային կամ Նոտարական գրասենյակներում, ինչպես գործարքից առաջ, այնպես էլ գործարքի ընթացքում: